Encyclopedia

Տորք Անգեղ

Տորք Անգեղը (նաև Տուրք կամ Անգեղյա)աստված կամ դյուցազն է հայ առասպելաբանության մեջ, նա համարվում է Հայկի ծոռը։

 

Բնութագիր
 
Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են կոչել։ Նա ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակել։ Պոնտոսի ափին հարձակվել է թշնամի նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց ետևից, և առաջացած ջրերի ալեկոծումից նավերը խորտակվել են կամ հեռուները մղվել։
 
Անվան ծագում
 
Տորք Անգեղի անվան մեջ զուգակցվել է երկու դիցանուն՝ հողմն ու ամպրոպը մարմնավորող հին փոքրասիական Տարու, Տարքու, Տուրգու կամ Տրգա աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ շումերաաքքադական Ներգալ աստծու անունը փոխարինված է Անգեղով։ Վերջինիս պաշտանմունքի վայրը, ըստ երևույթին, եղել է Մեծ Հայքի նշանավոր Անգեղտուն գավառը, որի կուսակալ է նշանակվել, ըստ Մովսես Խորենացու, Տորք Անգեղը, և սրանից էլ ծագել է իշխանական տոհմանունը՝ Անգեղ տուն։ Տորքի «Անգեղեա» մակդիրը Խորենացու ժամանակ ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան։ Ելնելով դիցանվան երկրորդ ձևից՝ Տուքր, ինչպես նաև Սեբեոսի մի վկայությունից, գտնում են, որ հնում Տորք Անգեղը ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև Անգեղ աստծու տուրք, այսինքն՝ Անգեղի տված պարգև։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.